2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն ու հետևանքները գնահատելիս կանխատեսելի և անցանկալի հետևանք է իրավագիտակցության խորհրդային մտածելակերպի գերակայությունը՝ ընտրողը չի դարձել սուբյեկտ՝ նա շարունակում է իր գերակշիռ մեծամասնության մեջ օբյեկտ մնալ՝ ենթակա ֆինանսական ագրեսիայի՝ մավրն ավարտեց իր գործը՝ ընտրեց, ու մավրը հեռանում է՝ մնալու բողոքական ընտրազանգված, որ ոչինչ չի անում իրավիճակ փոխելու համար: Հավատը կամ հուսահատությունը կապ չունեն, բարոյականից բացի կա շատ ավելի ազդեցիկ գործոն՝ ֆինանսականը, որ վերջակետում է հարցերը: Այդպես ՀՀԿ-ն ստացավ 49,15 %, ընտրողների ձայների կեսը, որ չի արտահայտում հասարակական տրամադրությունները, բայց արտացոլում է ընտրազանգվածի գիտակցական ու ֆինանսական մակարդակը: Այդպես ԲՀԿ-ն ստացավ 27,37 %, որ քաղաքական նպատակահարմարության դրսևորում է, բայց ոչ իրական քվե: Քաղաքական իրականության մեջ բիզնեսն ու բարեգործությունն ընդհանրապես գործոն չեն: Քաղաքական նպատակահարմարությունը ՀՅԴ-ին հատկացրեց 6,58 %՝ հետագա կառավարման դյուրություններ ապահովելու համար:
Երեկ օրավարտին որևէ պարտված կուսակցություն չէր հայտարարել, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, հակառակ, որ հետընտրական զարգացումներ էին խոստանում: Արալեզները մեծ աշխատանք ունեն՝ ապաքինելու ԱԴ-ի, ՀՎԿ-ի, ՀԱԿ-ՀԺԿ-ի, ՀԿԿ-ի, ՕՐՕ-ի քաղաքական վերքերը: Արալեզները՝ արալեզներ, բայց նրանք պիտի վերլուծեն իրենց ռազմամարտավարության սխալները, որ ընդհանրական 7,33 % բերեց: Քաղաքական դաշտում հընթացս կատարվեց կուսակցական էլիտայի փոփոխություն: Հաշվի առնելով, թե ովքեր են ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում ու ՀՅԴ-ում վերադառնում քաղաքականություն, էլիտայի փոփոխություն չի ստացվելու: Գործնական քաղաքական դաշտից հեռացան երկու նախագահները, դաշտը մնաց նախկին վարչապետ ու ներկա նախագահ Սերժ Սարգսյանին, հիմա նա մրցակից ունի գործող վարչապետին: 2018-ին պիտի ավարտվի նաև այդ մենամարտը՝ ՀՀԿ-ի ներսում: Իսկ մինչ այդ կա երեք տարբերակ.
1. ՀՀԿ-ն մենակ է կազմում կառավարություն:
2. ՀՀԿ-ն հայտարարում է կոալիցիա՝ ՀՅԴ-ի հետ:
3. ՀՀԿ-ն կազմում է ազգային համաձայնության կառավարություն՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ:
Ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Բոլոր զարգացումներն էլ ծառայելու են 2018-ի գլխավոր խնդրի լուծմանը՝ ո՞վ է լինելու վարչապետը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խորհրդարանական միակ ընդդիմություն դարձավ «Ելքը»՝ ինչ հայտարարություններ էլ հնչեն: Այլևս ԱԺ ընդդիմությունը հստակ է ու չի տարրալուծվելու իշխանության հետ՝ որոշումների ընդունման ու քվեարկությունների մեջ: «Ելքին» է մնում ամբողջ բողոքական ընտրազանգվածը, որ, բացի որոշակիությունից, պատասխանատվություն է: Այսօրվա ու վաղվա: Կհաջողվի՞ «Ելքին» մինչև հաջորդ ընտրություններ ընտրողին բիոզանգվածից դարձնել գիտակից ու խաղից դուրս բերել դրամը՝ հաջողություն կունենա, չի՞ հաջողվի, կարող է կորցնել միակ ընդդիմության կարգավիճակը: Նրանց դեմ է իշխանական համակարգը՝ կայացած, ուժեղ ու միաժամանակ՝ խոցելի ներքին անկայունությամբ, խնդիրը համակարգի մաս չդառնալն է, այլ՝ պետությանը գերակայություն տալը և պետության համար աշխատելը: Հաջորդ ընտրությունների մավրը չպետք է լինի ժողովուրդը, այլ՝ համակարգը, որ այս անգամ ևս հաղթանակ գրանցեց անձնական ու քաղաքական կյանքում, բայց ոչ՝ պետության: Պետության ավգյան ախոռները դեռ Հերակլեսի ստվերն էլ չեն տեսել: